Ինդոնեզիայում կործանված SSJ-100-ի օդաչուին կարող են հետմահու մեղադրել խուլիգանության մեջ
Ինդոնեզիայում կործանված ռուսական արտադրության SuperJet-100 (SSJ-100) օդանավի հրամանատար Ալեքսանդր Յաբլոնցևին կարող են հետմահու մեղադրել օդային խուլիգանության մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, Ինդոնեզիայի Ճավա կղզում ցուցադրական թռիչքի ժամանակ Sukhoi Superjet-ը բախվել էր Սալաք լեռան լանջին, ինչի հետևանքով զոհվել էին օդանավում գտնվող բոլոր անձինք, այդ թվում` 8 ռուսներ:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի ձեռքն է ընկել նախորդ շաբաթ հայտնաբերված երկրորդ «սև արկղի» ձայնագրության վերծանման որոշ տեղեկություններ: Համաձայն դրանց` պարզ է դարձել, որ ոչ միայն սարքավորումն է զգուշացրել օդաչուին մոտալուտ վտանգի մասին, այլ նաև անձնակազմի անդամներից մեկը, ով բղավել է. «Հրամանատար, մեզ այնտեղ չի կարելի, այնտեղ լեռ կա»: Սակայն հրամանատարը, այնուամենայնիվ, որոշել է վտանգավոր մանևր իրականացնել, որն էլ հանգեցրել է ողբերգության:
Այս տեղեկությունն անանունության սկզբունքով թերթին է փոխանցել մի աղբյուր, քանի որ վերծանման պաշտոնական տվյալները չեն հրապարակվելու` ավիավթարների հետաքննության միջազգային կանոնների համաձայն ու զոհերի նկատմամբ հարգանքից ելնելով: Դրանք հասանելի կլինեն միայն մարդկանց նեղ շրջանակի:
Օդանավի առաջին «սև արկղը» հայտնաբերվել էր մայիսի 16-ին:









