Թուրքիայում Սիրիայի հարցով անակնկալ հավաք է տեղի ունեցել
Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ստամբուլում Սիրիայի հարցով 17 երկրների ներկայացուցիչների հետ համատեղ հավաքի է մասնակցել:
Նրանք բոլորն էլ Թուրքիայում են` մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ֆորումին:
Թուրքիայի արտգործնախարարության շենքում կայացած հավաքին մասնակցել են Կատարի, Իտալիայի, Հորդանանի, Գերմանիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Սաուդիան Արաբիայի, Թունիսի և այլ երկրների արտգործնախարարներ, Իսպանիայի և Քուվեյթի պետքարտուղարները, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Հավաքի մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն տեղեկացրել է Twitter-ի իր հաշվում:
«Շատ կրիտիկական մի ժամանակաշրջանում ենք գտնվում և հավաքվում ենք Սիրիայի հարցը քննարկելու նպատակով: Այժմ բոլորի նպատակը Սիրիայի ժողովրդի տառապանքին վերջ տալն է, ինչի համար համատեղ աշխատել է պետք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայում ավելի քան 100 մարդ է սպանվել: Ընդդիմադիր «Սիրիական ազգային խորհուրդ» կազմակերպության ներկայացուցիչ Մոհամեդ Սերմենիի խոսքով, խաղաղ բնակչության դեմ հաշվեհարդար է իրականացվել Սիրիայի կառավարական ուժերի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Համա քաղաքի մոտակայքում:
Ընդդիմադիրները պնդում են, որ կատարվածը հաշվեհարդար է, որը կատարել է սիրիական բանակը:
«Հարյուր մարդ է սպանվել Ալ-Քուբեյր և Մաարզաֆ գյուղերում: Սպանվածների մոտ մոտ 20 կին և 20 երեխա կան», - ասել է Սերմենին:









