Հայ-թուրքական հարաբերությունները կարևոր են ԱՄՆ-ի համար. Ստեփան Սաֆարյան

18:48 • 07.06.12

Հայ-թուրքական հարաբերությունները շատ կարևոր են Միացյալ նահանգների համար, չնայած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը միայն հայ-թուրքական հարաբերությունների հարցով չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ Քլինթոնի այցը նաև Իրանի խնդրին է վերաբերվում:


«ԱՄՆ-ը չի կարող անտեսել Հայաստանը, որի աշխարհագրական դիրքը չափազանց կարևոր է՝ վերոհիշյալի առումով»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:

 

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալով, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահը նշեց՝ կա՛մ մեր հարևանը չի լսում ԱՄՆ-ին, կա՛մ ԱՄՆ-ի համար այնքան էլ էական չէ այդ խնդիրը, քանի որ անգամ Քլինթոնի ներկայությունը չզսպեց սահմանին տեղի ունեցող ադրբեջանական ոտնձգությունները:

 

«Եվրատեսիլից մինչև դիվերսիաներ՝ Ադրբեջանը փորձում է սեփական հասարակությանն ապացուցել, որ իրենք ի զորու են վերադարձնել Ղարաբաղը, եթե հարձակվեն ու հաղթեն, բայց միևնույն ժամանակ այս ամենը նաև զոնդաժ է, հարկ է ճշտել, թե ինչպե՞ս այդ ամենին կվերաբերվի միջազգային հանրությունը»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ նշելով, որ Հայաստանը խնդիր ունի դիվերսիաների դեմն առնելու և ստեղծելու այլ մեխանիզմներ:

 

«Ես մտահոգություններ ունեմ, որ ճիշտ քայլեր կձեռնարկվեն: Անհրաժեշտ է բաց խոսել ՀՀ արտաքին քաղաքականության բացթողումների մասին»,- եզրափակեց Ս.Սաֆարյանը:


Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում, Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին զոհվել էին 3 և հրազենային վնասվածքներ ստացել 6 հայ զինծառայողներ: Հաջորդ օրը Ադրբեջանը կրկին դիվերսիոն հարձակում էր իրականացրել, ինչը հայ սահմանապահներին հաջողվել էր կանխել՝ արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել էր առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողներ:

 

Նշենք նաև, որ սահմանային այս միջադեպերը տեղի ունեցան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի ընթացքում: