Սիրիան ՄԱԿ-ի դիտորդներին թույլ չի տվել այցելել հերթական սպանդի վայր
Սիրիայի զինվորականները ՄԱԿ-ի դիտորդներին թույլ չեն տվել այցելել Ալ Քուբեյր բնակավայր (Համա քաղաքում), որտեղ այսօր սպանվել է 78 խաղաղ բնակիչ, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով երկրի ընդդիմության ակտիվիստներին:
ՄԱԿ-ի դիտորդական խմբի ներկայացուցիչ Սյուզան Գոշեխը գործակալությանը տված հարցազրույցում ուղղակի պատասխան չի տվել այն հարցին, թե կառավարական զորքը թույլ է տվել, արդյոք, իր գործընկերներին այցելել սպանդի վայր: «Մենք Ալ Քուբեյր ենք ուղարկել դիտորդների, ովքեր փորձում են մուտք գործել այնտեղ»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սիրիայի կառավարությունը զանգվածային սպանությունների մեջ մեղադրում է ընդդիմության ակտիվիստներին և «զինված ահաբեկչական խմբավորումներին»: Զոհերի հարազատներն ու սպանդից կենդանի մնացած մարդիկ, սակայն, հայտնում են, որ հանցագործությունն իրականացրել են նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցները:
ՄԱԿ-ի դիտորդական խումբը ցանկանում է պարզել` ով է իրականում պատասխանատու կատարվածի համար:
Ալ Քուբեյրում սպանդը վերջին ժամանակներում արդեն երկրորդ խոշոր միջադեպն է: Մայիսի 25-ին Հուլա բնակավայրում սպանվել էր 100-ից ավելի մարդ:









