Ծնողների անզգուշության հետևանքով Երևանում 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից և անգիտակից վիճակով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ` հունիսի 6-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Շինարարների փողոցից անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 6-ամյա Հայկ Կարապետյանը:
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շինարարների 24 շենքի բակից: Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ երեխան բնակվում է նշված շենքի 47 բնակարանում և ծնողների անզգուշության հետևանքով 4-րդ հարկի ցանցապատ պատուհանից ընկել է:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան արդեն վիրահատվել է, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ըստ հարևանների պատմածի, ծնողները ունեն ևս մեկ դպրոցական տղա երեխա, իսկ հայրը նախկինում տաքսու վարորդ է եղել: Հարևանները պատմել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել երեխայի՝ մանկապարտեզում տեղի ունեցած հանդեսից հետո: Տուն վերադառնալով՝ ծնողները նրան անուշադրության են մատնել, ինչն էլ բերել է դժբախտ պատահարի:
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:









