Իշխանություններից պահանջեցին համարժեք պատասխան, իսկ սահմանին կանգնած զինվորին տեղեկացրին՝ մենակ չե՛ս (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 07.06.12

«Արցախի հարցը միջազգային լուծում չունի», «Համարժեք պատասխանը ամբողջական հայրենիքի ազատագրումն է», «Անվտանգ սահմանն անցնում է Կուր գետով», «Համարժեք պատասխանը՝ մեկին տասն է» նմանատիպ ցուցապաստառներով այսօր երթի են դուրս եկել հարյուրից ավելի ցուցարարներ, որոնց հիմնական մասը «Հայազն» միության անդամներ են:

«Հայեր միացեք», «Որքան էլ որ դժվար լինի դիմացեք», նմանատիպ հայրենասիրական երգերով նրանք երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ, ապա՝ Արտաքին գործերի նախարարություն՝ պահանջագիր-նամակ հասցեագրելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանին:

Ակցիային էր միացել նաև «Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմյանը, ով Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը միացել է, որպեսզի սահմանին կանգնած զինվորը վստահ լինի, որ միայնակ չէ:

«Որպեսզի իմանան, որ մենք, հարկ եղած դեպքում, պատրաստ ենք ատամներով մեր երկիրը պաշտպանել »,-ասաց ազատամարտիկը և ավելացրեց, որ իշխանություններից պահանջում են՝ մասնակցելով ԼՂ բանակցային գործընթացին հանդես գալ ավելի կոշտ դիրքերից:

Ըստ նրա, ներկայումս բանակցային գործընթացն այնպիսի փուլում է, որ Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ կորցնում է Արցախը. «Հավանական է, որ նորից պատերազմ սկսեն՝ իրենց խելքով կարող են ետ վերադարձնել»:

Tert.am-ի հետ զրույցում «Հայազն» միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը նշեց, որ հայկական սահմաններն ադրբեջանական կողմից բազմիցս է դիվերսիայի ենթարկվում: Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ ունեն պահանջագիր- նամակներ, ուր նշել են մի քանի հիմնական կետեր, որոնց իրագործման դեպքում Արցախի հարցը խաղաղ կերպով կլուծվի, և հենց այսօր հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու փորձերը:

Արմեն Մկրտչյանը մանրամասնեց. «Առաջարկում ենք ապամիջազգայնացնել Արցախի հարցը, Արցախը ճանաչել Հայաստանի անքակտելի մաս՝ մարզի կարգավիճակով, ամեն զոհված հայ զինվորի փոխարեն 10 ադրբեջանական զինվոր ոչնչացնել, անհապաղ վերաբնակեցնել և զարգացնել ազատագրված տարածքները և դուրս գալ այս զիջողական կեցվածքից»:

Մկրտչյանը համոզված է, որ հայկական կողմը զիջողական քաղաքականություն է վարում. «Եթե հայաստանյան իշխանությունները բանակցում են Մադրիդյան սկզբունքներ կոչվող պարտադրված փաստաթղթի շուրջ, ուրեմն, իհարկե, զիջողական են: Քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն հայտարարել, որ Արցախի ազատագրված տարածքներից ոչ մի թիզ զիջելու նպատակ չունենք, ուրեմն՝ զիջողական են»:

«Հայազն» միության կենտրոնական մարմնի անդամը վստահեցրեց, որ նման քայլերով ու պահանջներով իրենք ոչ թե պատերազմ են հրահրում, այլ ընդհակառակը: Ըստ նրա, Ադրբեջանը մինչ օրս պատերազմ չի սկսել, քանի որ վստահ է եղել, որ այդ պատերազմում ինքը պարտվելու է: «Այսօր Ադրբեջանը տեսնում է, որ իր բոլոր սանձարձակությունները մնում են անպատասխան, կամ, գրեթե, անպատասխան, այդ իսկ պատճառով նրա հարձակումները քանի գնան շատանալու են, ինչն էլ հանգեցնելու է պատերազմի»,- եզրակացրեց Արմեն Մկրտչյանը:

Ակցիայի մասնակիցը հայկական կողմի ռազմական հակահարվածները բավարար չի համարում, նկատելով՝ Ադրբեջանի բնակչությունը Հայաստանի բնակչությունից երեք անգամ ավելի է: