Ավստրիայի և Չեխիայի հայ երիտասարդները խոստանում են ադրբեջանական հաջորդ դիվերսիան անպատասխան չթողնել
Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական շարժումը քննադատում և դատապարտում է ադրբեջանական իշխանական ռեժիմի կողմից ծավալած ստորաքարշ գործողությունները ՀՀ և ԼՂՀ սահմաններում: Այս մասին նշվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Ցանկացած ռազմական գործողության դեպքում Հայկական հզոր բանակը պատրաստ է ադրբեջանական զինուժին ծնկի բերել: ՄԵԼ-ը իր ողջ անդամներով հայտարարում է, որ ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, կթողնի ցանկացած գործունեություն և գրեթե 1000 անդամ ՀՀ-ում և 1500 անդամ եվրոպական մի շարք երկրներում կգնան ռազմաճակատ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որին կից ներկայացվում է նաև ՄԵԼ-ի Չեխիայի և Ավստրիայի ներկայացուցիչների հայտարարությունը: Ներկայացնում ենք այն ստորև.
Մենք` Ավստրիայի և Չեխիայի հայ համայնքի հարյուրավոր երիտասարդներ, Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման անդամներ, լինելով մեր հայրենիքից հեռու դատապարտում ենք ալիևյան հիստերիայի հասնող ադրբեջանական զորքերի կողմից հրահրված դիվերսիոն գործողությունները, եթե կրկնվի այդպիսի գործողություններ, ապա մենք հեռավորություն հաշվի չենք առնի, կմիանանք մեր հերոս եղբայրներին, ովքեր պաշտպանում են մեր սուրբ երկիրը այդ ոճրագործ Ալիևից և նրա ռեժիմի ոտնձգություններից: Կոչ ենք անում աշխարհասփյուռ բոլոր հայերին, միանալ և պաշտպանել մեր երկիրը մինչև մեր արյան վերջին կաթիլը:









