Բողոքարկում «ընդդեմ» համակարգիչների. սխալվել են ոչ թե դիմորդները, այլ մեքենաները
Օրեր առաջ հանրապետությունում մեկնարկեցին պետական ավարտական և միասնական քննությունները: Այսօր սկսվեց «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը, ինչն արդեն երրորդ միասնական քննություն է: Տեղեկացնենք, որ «Ռուսաց լեզու» առարկայից քննություն կհանձի շուրջ 1200 դիմորդ:
Հիշեցնենք, որ հունիսի մեկին դիմորդները քննություններ են հանձնել «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ հունիսի հինգին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից:
Ինչպես Tert.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը՝ «Հայոց լեզու և գրականության» միասնական քննության արդյունքները դեռ ամփոփման փուլում են:
«Որպես նախնական տեղեկատվություն, կարող եմ ասել, որ «Հայոց լեզու և գրականության» քննության միջին միավորը կազմել է 13, 8, շատ են եղել 20 և 19 միավորները»,-ասաց Գայանե Մանուկյանը:
Համեմատության համար նշենք, որ 2009, 2010, 2011 թթ. հայերենի միասնական քննությունից միջին միավորները եղել են համապատասխանաբար՝ 11.4, 11.4 և 12.88:
«Աշխարհագրություն» առարկայից այս տարվա միջին միավորը կազմել է՝ 12.25, մինչդեռ նախկին տարիներին՝ համապատասխանաբար գրանցվել են՝ 13, 11.6 և 11.2 միավորներ:
Այս տարի «Կենսաբանություն» առարկայից գրանցվել է 11.25 միավոր, իսկ նախկին երեք տարիներին 11.7, 11. 11.53 միավորներ:
«Ընդհանուր պատմություն» առարկայից այս տարվա միջին ցուցանիշը 12 միավորն է, իսկ նախկին երեք տարիներին համապատասխանաբար՝ 12, 13.4 և 11.45 միավորները:
Գայանե Մանուկյանը փոխանցեց, որ. «Առաջին օրվա արդյունքներով 20 միավոր ստացել են՝ «Ընդհանուր պատմություն» առարկայից 2 դիմորդ, իսկ «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից մեկական դիմորդ»:
ԳԹԿ մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ երեկ ներկայացվեցին քննական առաջին բողոքարկումները: Ի դեպ, քննական կարգի համաձայն, քննության արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը, և պաշտոնական հրապարակման հաջորդ օրը դիտորդը կարող է բողոքարկել:
Ինչպես հայտնեց Գայանե Մանուկյանը՝ հիմնական բողոքարկումներն եղել են «Կենսաբանություն» առարկայից:
«Խնդիր կա կենսաբանության թեստերում, որտեղ երեխաները լուծել են և տասնորդական միավորներ են ստացել, մինչդեռ պատասխանները կլորացված են եղել և, բնականաբար, համակարգիչը կլորացված թվով է հաշվել, ինչը սխալ է եղել»,-հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ բողոքարկողների հիմնական պահանջն այն է, որ վերանայվեն քննության արդյունքները և պատասխանները հաշվվեն տասնորդական թվերով:
Հիշեցնենք, որ միասնական քննությունները ՀՀ-ում անցկացվում են 2007թվականից, և տարեցտարի այս քննակարգով հանձնվող առարկաների թիվն ավելանում է:









