Գյուղնախարարության բարձրագույն պարգևը՝ Զավեն Գևորգյանին

20:26 • 08.06.12

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Զավեն Գարեգինի Գևորգյանը արժանացել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալի: Այս մասին տեղեկանում ենք Գյուղնախարարության տարածած հաղորդագրությունից:


Խորհրդային Հայաստանի ճանաչված տնտեսական ու քաղաքական գործիչը 2000-2002 թվականներին գլխավորել է նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, տնտեսության հմուտ կազմակերպչի և գիտնականի իր հարուստ փորձն ու գիտելիքները ի սպաս դնելով հայրենի գյուղատնտեսության զարգացմանը:


Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևը Զավեն Գևորգյանին հանձնեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը:
 

«Երկար տարիներ զբաղեցնելով բարձր ու պատասխանատու պաշտոններ, Դուք, այնուամենայնիվ, միշտ կապված մնացիք Ձեր հիմնական մասնագիտությանը՝ գյուղատնտեսությանը, որի զարգացման գործում մեծ ներդրումներ ունեցաք: Ձեր փորձն ու գիտելիքները այսօր էլ պետք են թե երկրին, թե հայրենի գյուղատնտեսությանը», - նշեց Սերգո Կարապետյանը՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ ու քաջառողջություն:


Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի և ջերմ շնորհավորանքների համար, Զավեն Գևորգյանն ասաց, որ բազմաթիվ պարգևների է արժանացել, սակայն այս մեկը առանձնահատուկ է իր համար, քանի որ առնչվում է իր հարազատ միջավայրին՝ Հայաստանի գյուղատնտեսությանը: