Տոկիոյում կայացել է Հայաստանի և Ճապոնայի արտգործնախարարների հանդիպումը
Հունիսի 6-ին Տոկիոյում՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիչիրո Գեմբայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից:
Արտգործնախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև հաստատված երկխոսությունը և խորհրդանշական են համարել այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Ճապոնիա տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում:
Նախարարներ Նալբանդյանն ու Գեմբան հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են հանդիպումից առաջ ԱԳՆ-երի միջև ստորագրված համագործակցության մասին հուշագիրը և համոզմունք են հայտնել, որ այն կնպաստի իրենց ղեկավարած նախարարությունների փոխգործակցության սերտացմանն ու քաղաքական խորհրդակցությունների ակտիվացմանը:
Բանակցությունների օրակարգում են եղել Կորեական թերակղզու և Հարավային Կովկասի խնդիրները, դրանց լուծման համար գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպություններում հայ-ճապոնական փոխգործակցությանը, միմյանց թեկնածությունների աջակցությանն առնչվող հարցերին:
Հայաստանի ԱԳ նախարարն իր ճապոնացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:









