Երևանի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի թանգարանը 40 տարեկան է

21:27 • 08.06.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ Ժամանակակից արվեստի թանգարանի 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:
 

Մշակութային այս օջախն իր տեսակով միակն էր Խորհրդային Միության ողջ տարածքում: Չորս տասնամյակ անցած, բայց իր ավանդույթներին հավատարիմ մնացած թանգարանի ծննդյան տարեդարձը նշվել է յուրովի` օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ շնորհավորանքներով, ծննդյան տորթով ու խորհրդանշական 40 մոմերով:


Միջոցառման շրջանակում արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը, արխիվային նյութեր, թանգարանի հիմնադիր, արվեստտագետ Հենրիկ Իգիթյանին ու թանգարանին նվիրված հոդվածներ ու հին պաստառներ:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:


Թանգարանի ներկայի ու ապագայի մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մեկ անգամ ևս շնորհավորել է Ժամանակակից արվեստի թանգարանին` հոբելյանի կապակցությամբ ու վստահեցրել, որ քաղաքապետարանի ենթակայության մշակութային այս օջախը ևս մշտական ուշադրության կենտրոնում է, և ըստ այդմ զարգացման ծրագրերն էլ կլինեն շարունակական: