Սիրիայի խնդիրը մի քանի լուծում ունի. Բան Կի Մուն

08:57 • 08.06.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում իրավիճակի կարգավորման մի քանի տարբերակ է տեսնում: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը` 3 ժամ տևած փակ խորհրդակցություններից հետո: Ըստ նրա` Ռուսաստանը խորհրդին առաջարկել է Սիրիայի խնդրով համաժողով անցկացնել և հրավիրել նաև Իրանին: Այլ մասնակիցներ էլ կողմ են արտահայտվել իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբերի ստեղծման օգտին:


«Սրանք շատ արժեքավոր գաղափարներ են, սակայն դեռ սկզբնական փուլում են` մասնակիցների, արժեքների ու նպատակների տեսանկյունից»,- ասել է Բան Կի Մունը:

 

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը, աջակցել է Սիրիայի խնդրով բանակցություններին Իրանին հրավիրելու Ռուսաստանի առաջարկին:

«Այժմ քննարկվում է կոնտակտային խմբերի ստեղծման հարցը, որում կընդգրկվեին այն երկրները, որոնք ունակ են ազդել կողմերից յուրաքանչյուրի` և’ կառավարության, և’ ընդդիմության վրա»,- ասել է նա:

 

Քոֆի Անանը հայտնել է, որ ԱԽ-ն քննարկել է նաև` ինչ անել, որպեսզի կյանքի կոչվի իր ծրագիրը, և ինչպիսին կլինեն հետևանքները, եթե այն չիրականացվի: Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ Անանը Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել, որը, մասնավորապես, նախատեսում է կրակի դադարեցում, քաղաքներից զորքի դուրս բերում և քաղաքական երկխոսության մեկնարկ:


ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցել է նաև ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին, ով կոչ է արել «անհապաղ միջոցներ ձեռնարկել»` միևնույն ժամանակ, բացառելով ռազմական գործողությունները:

 

Հիշեցնենք, որ երեկ սիրիական Ալ Քուբեյր բնակավայրում սպանվել է 78 խաղաղ բնակիչ: