Հազարավոր իրանցիներ բարձրացել են տանիքներ` Լուսնի վրա Pepsi-ի խորհրդանիշը տեսնելու հույսով

09:28 • 08.06.12

Հազարավոր իրանցիներ, դառնալով խաղարկության զոհեր, բարձրացել են շենքերի տանիքները` Լուսնի վրա Pepsi ընկերության խորհրդանիշը տեսնելու հույսով, հայտնում է BBC-ն:

 

Հունիսի սկզբին երկրում լուրեր տարածվեցին, թե Pepsi-ն գովազդային նպատակներով և հզոր լազերների օգնությամբ իր գունավոր լոգոտիպը կցուցադրի Լուսնի վրա: Իրանական IRNA գործակալությունը նույնիսկ հարցազրույց է վերցրել գովազդային մասնագետներից, ովքեր լրջորեն խորհել են գաղափարի շուրջ` ասելով, որ ստեղծվել են սպառողներին գրավելու նոր ու չլսված հնարավորություններ:

 

Երեքշաբթի երեկոյան իրանական մի քանի քաղաքներում հազարավոր բնակիչներ բարձրանալով շենքերի տանիքները` այդպես էլ ոչ մի լոգոտիպ Լուսնի վրա չեն տեսել: Մեկ ժամ աննպատակ սպասելուց հետո սոցիալական ցանցերում հայտնվել են հիասթափության մասին հաղորդագրություններ:

 

1978թ.-ի վերջին` իսլամական հեղափոխության նախօրեին, երկրում տարածվել էին լուրեր, թե Լուսնի վրա կհայտնվի այաթոլա Խոմեյնիի պատկերը: Ի դեպ, շատերը նույնիսկ պնդում էին, թե տեսել են այն: