Արտասովոր ուղղագիծ լույս՝ Երևանի երկնքում. առայժմ շրջանառվում է 3 բացատրություն (տեսանյութ)

01:31 • 08.06.12

Երեկ՝ հունիսի 7-ին, անոմալ երևույթ է հայտնվել Երևանի երկնքում:
 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյան՝ ժամը 21.40-ի սահմաններում, Երևանի երկնքում լույս է երևացել, որը մի քանի րոպե ուղղագիծ ընթացք է ունեցել, ապա սկսել է պտտվել և ի վերջո կորել է: Տարօրինակ այդ լույսն ուղեկցվել է բրգաձև ամպով:
 

Գագիկ Շամշյանին հաջողվել է տեսանկարել անոմալ երևույթը:
 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրեն հասած տեղեկություններով, ոչ միայն Երևանում է հնարավոր եղել տեսնել տարօրինակ այդ երևույթը, այլև Հայաստանի այլ մարզերում ևս:
 

Չնայած շատերը պնդում են, որ ամենայն հավանականության Երևանի երկնքում ՉԹՕ է եղել կամ առնվազն երկնաքար, այդուհանդերձ սոցիալական ցանցերում արդեն խոսվում է այն մասին, որ Հայաստանի երկնքում երևացել է Ռուսաստանի արձակած բալիստիկ միջմայրցամաքային հրթիռը:

 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի