«Տաշիր» հիմնադրամն առաջիկա բարեգործական ծրագրերին կուղղի շուրջ 600 հազար դոլարի չափով գումար

11:23 • 08.06.12

Այսօր՝ հունիսի 8-ին տեղի է ունեցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ: Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, նիստի ժամանակ ամփոփվել են անցած հինգ ամիսներին իրականացված ծրագրերը, ինչպես նաև հաստատվել են առաջիկա կարճաժամկետ ծրագրերի բյուջեն՝ 400-600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, և ժամանակացույցը:


Մասնավորաբար, մրցանակներ կստանան «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված գիտական լրագրության և առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողները:

 

Այնուհետ 300 հարյուր հազարական դրամի բանկային քարտեր կստանան հանրապետության մանկատների շրջանավարտները, որպես աջակցություն ինքնուրույն քայլերի առաջին շրջանում:

 

Մոտ ժամանակներս տեղի կունենա Վահան Տերյանի ստեղծագործությունների հատորյակի շնորհանդեսը: Ժողովածուն տպագրվում է հիմնադրամի հովանավորությամբ:


Ինչպես արդեն տեղեկացվել է, ամառային օլիմպիական խաղերում տարբեր մարզաձևերում մրցանակային տեղեր զբաղեցրած մեր մարզիկները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կարժանանան հաղթողներին արժանի պարգևների: Նրանց մրցանակային գումարները կորոշվեն համաձայն վաստակած մեդալների հարգի:


Ուշադրության կենտրոնում կլինեն նաև Կարեն և Սամվել Կարապետյանների հայրենի Լռու մարզի գերազանցիկ ուսանողները: Ուսման բարձր առաջադիմության համար նրանք ևս կպարգևատրվեն հիմնադրամի կողմից:


Նիստի ժամանակ նշվել է, որ հետագա մյուս ծրագրերին հոգաբարձուների խորհուրդը կանդրադառնա առաջիկայում: