Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ Սիրիայի հակամարտության հարցում
Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել երկրի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը (William Hague):
«Հաշվի առնելով Ռուսաստանի կարևորությունը՝ մենք կաշխատենք նրա հետ, և դա մոտական երկու շաբաթների կարևորագույն առաջնահերթություններից կլինի», - հայտարարել է Ուլիամ Հեյգը:
Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան և Արևմուտքի այլ երկրներ հույս ունեն, որ Մոսկվան և Պեկինը Սիրիայի նախագահ Ասադի վրա ճնշում կգործադրեն Քոֆի Անանի ծրագրի իրականացման նպատակով:
«Մենք ցանկանում ենք, որ նրանք մեզ հետ կիրառեն իրենց ազդեցությունը, իրենց ուժը, որ Ասադի վարչակարգը իսկապես իրականացնի Անանի ծրագիրը», - ասել է բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարը:
«Մեզ հայտնի է, որ ամեն օր Սիրիայում 80 զինծառայող է զոհվում: Այնպես որ, իրավիճակը շատ արագ սրվում է: Սիրիան իսկապես միջկրոնական ահավոր բախումների նախաշեմին է կանգնած, երբ մի բնակավայրը հանդես է գալիս մյուսի դեմ, կառավարամետ զինված կազմավորումները` ընդդիմադիր կողմնորոշում ունեցողների դեմ», - հայտարարել է Հեյգը:
«Ներկայում Սիրիան ավելի շատ հիշեցնում է 90-ականների Բոսնիան, քան նախորդ տարվա Լիբիան: Անանի ծրագիրը դեռևս արդյունք չի տվել, սակայն դեռ վաղ է այն մեռած համարել. հույսը դեռ չի կորել», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:









