ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Սևանում տեղի ունեցած պատահարի մասնակից ոստիկանը (ֆոտո, վիդեո)

20:27 • 09.06.12

Աշխատանքից ազատվել է քիչ առաջ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասնակից ոստիկանը:

Ինչպես Tert.am-ին քիչ առաջ հայտնեց ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հետ, և մինչ ֆոտոլրագրողը ՀՀ ոստիկանապետին կպատմեր կատարվածը, վերջինս հայտնել է, որ տիրապետում է նշված միջադեպի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը:
 

Գ. Շամշյանը հայտնում է, ո ր Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով Ոստիկանության այդ աշխատակցի ծառայողական վկայականը վերցվել է, և արդեն նշանակվել է ծառայողական քննություն, քանի որ ըստ ոստիկանապետի՝ «Նման վարքագիծ ունեցող ոստիկանները իրավունք չունեն կոչվելու մեր զավակների ոստիկան»:


Այս պահին ոստիկանության Սևանի բաժնում հանգամանքները պարզվում են:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, այսօր՝ հունիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գոտի, բախվել ճանապարհի երկաթյա պատնեշներին և հայտնվել լճում: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վարորդի հետ եղել էր մեկ ուղևոր, և նրանք կարողացել էին դուրս գալ լճից:


Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր նախնական տեղեկություններով վարորդն ու ուղևորը ոստիկանության և դատախազության աշխատակիցներ են, ովքեր վթարի վայրում իրենց լկտի են պահել: Մասնավորապես նրանցից մեկը, ով, հավանաբար եղել էր մեքենայի վարորդը, եղել էր հարբած վիճակում և խոչընդոտել է Շամշյանի աշխատանքը: Ավելի ուշ ոստիկանները նրան տեղափոխել են Ոստիկանության Սևանի բաժին:


Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայական Նորայր Պետրոսյան անվամբ և ոստիկանության կրտսեր սերժանտ կոչումով:


Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները Գ. Շամշյանին հայտնել են, որ ջրում հայտնված մեքենայի համարանիշներն են 24 ՕՏ 666:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի