Հայաստանը որպես հիմնադիր և լիիրավ անդամ՝ մշտապես հրավեր ստանում է. Տիգրան Բալայան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստանի նախագահին հրավեր է ուղարկվել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը և ընդգծեց. «Հայաստանը՝ որպես հիմնադիր և լիիրավ անդամ, հրավերներ է ստանում կազմակերպության բոլոր միջոցառումներին մասնակցելու համար»:
Հարցին, արդյո՞ք, երկրի բարձրաստիճան ղեկավարներից որևէ մեկը մեկնելու է Թուրքիա՝ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Տիգրան Բալայանը ոչ ժխտեց, ոչ հաստատեց:
«Թե՛ ՀՀ նախագահի, և թե՛ արտգործնախարարի այցերի ու հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում հանրությանը տեղեկացնում ենք»,-հավելեց ԱԳՆ մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողով տեղի է ունենալու հունիսի 26-ին Ստամբուլում:









