Իտալիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Իտալիայի Վենետո և Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզերում այսօր առավոտյան 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Agi գործակալությանը:
Իտալիայի երկրաֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտի համաձայն` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Կլաուտ քաղաքից քիչ հեռու` 7.1 կմ խորության վրա:
Շրջանի բնակիչները, զգալով ստորգետնյա ցնցումները, դուրս են վազել փողոցներ: Զոհերի ու ավերածությունների մասին հաղորդագրություններ դեռ չեն ստացվել:
Իտալիայի հյուսիսում ստորգետնյա ցնցումները չեն դադարում արդեն երրորդ շաբաթը: 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հունիսի 6-ին, որի հիպոկենտրոնը գտնվել է Ռավեննա քաղաքից քիչ հեռու` Ադրիատիկ ծովում: Եվս մեկ` 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել մայիսի 20-ին, Էմիլիա Ռոմանիա շրջանում: 9 օր անց նույն շրջանում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ, մոտ 400-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ մոտ 15 հազ-ն էլ մնացին անօթևան: Ավերվեցին հարյուրավոր տներ ու շինություններ, պատմամշակութային հուշարձաններ:









