Սանկտ Պետերբուրգում դեռահասը սպանել է մորը` համակարգչային խաղի պատճառով

18:36 • 09.06.12

ՌԴ «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում 17-ամյա տղան սպանել է մորն այն բանի համար, որ վերջինս արգելել է նրան խաղալ համակարգչային խաղեր, իսկ սպանելուց հետո հանգիստ շարունակել իր խաղը, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով իրավապահներին:

 

17-ամյա երիտասարդի հանդեպ հարուցվել է քրեական գործ: Քրգործի նյութերի համաձայն` հունիսի 8-ի երեկոյան 35-ամյա կինը որդուն նկատողություն է արել համակարգչի առաջ շատ ժամանակ անցկացնելու համար, անջատել համակարգիչն ու որդուն սենյակից դուրս հանել: Ի պատասխան, տղան կոտրել է սենյակի դուռը, ներս մտել ու դանակով հարվածներ հասցրել մորը, ինչից հետո շարունակել է խաղը` կարծես ոչինչ չի եղել:


Կնոջը հաջողվել է շտապ օգնություն կանչել, սակայն որոշ ժամանակ անց նա մահացել է: Հաղորդվում է, որ նույնիսկ բժիշկների ժամանումից հետո, տղան չի դադարեցրել իր խաղը: