«Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը կանցկացվի հունիսի 12-ին
«Հացը Լեռներում» ամենամյա տոնածիսական կերակրատեսակների փառատոնը այս տարի կանցկացվի հունիսի 12-ին` Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում: Այն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը, որին աջակցում են Երևանի քաղաքապետարանն ու մի շարք երիտասարդ ազգագրագետներ:
Այս մասին տեղեկացրեց «Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Բանախոսը հայտնեց, որ փառատոնին ներկայացվել են հայկական տաղավար 13 տոները՝ իրենց ծիսակարգերով և ավանդական ուտեստներով:
«Փառատոնի կազմակերպումը հետևյալ նպատակն է հետապնդում, որ մեր ազգային ավանդական խոհանոցի կերակրատեսակները ցուցադրենք մեր հանրության լայն շերտերին: Այդ օրը կարող եք իմանալ, թե յուրաքանչյուր տոնի ժամանակ, հին հայկական օրենքներով, ինչպիսի՞ն պետք է լինի սեղանը»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
Նույն ՀԿ-ի փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը նշեց, որ փառատոնը մեծ նշանակություն ունի այն իմաստով, որ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները ևս հնարավորություն կունենան ծանոթանալ և համտեսել հայկական ազգային ուտեստները:
Նշենք նաև, որ փառատոնին ներկայացված են լինելու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները: Այս առումով, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ի քարտուղար Վահե Անթանեսյանը նշեց, որ իրենք հրավեր են ուղարկել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին, բայց հրավերն ընդունել են միայն հունական և ուկրաինական համայնքները:
«Մենք չգիտենք, թե իրենք ինչ են ներկայացնելու, որևէ սահմանափակում չենք դրել իրենց առջև: Իրենք կորոշեն, թե փառատոնին, հատկապես, ազգային ինչ ուտեստները ներկայացնեն: Ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունեն փառատոնին ներկայանալ նաև իրենց երգ ու պարով»,-ասաց նա:
Տեղեկացնենք, որ փառատոնի ողջ ընթացքը կուղեկցվի ազգագրական երգ ու պարով, իսկ տոնակատարության վերջում թե՛ մասնակիցները, թե՛ հրավիրվածները միասին քոչարի կպարեն:









