Հայ խոհարարները նրընտիր ԱԺ-ին կդիմեն հունիսի 12-ը որպես հայ խոհարարի օր ամրագրելու համար

14:00 • 09.06.12

Հունիսի 12-ը Խոհարարների միջազգային օրն է, սակայն այն Հայաստանում դեռ պաշտոնապես ճանաչված չէ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ թեև իրենք խոհարարներով նշում են իրենց տոնը, սակայն շատ կցանկանա, որ այդ օրը պաշտոնապես ամրագրվի մեր երկրում:


«Այս հարցով դիմել ենք 4-րդ գումարման Ազգային ժողովին, սակայն այդպես էլ չամրագրվեց մեր տոնը: Պատրաստվում ենք նորընտիր խորհրդարանին ևս դիմել»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:


Նա նաև նշեց, որ Հայաստանում տուրիզմի զարգացման գործում իրենք կարևոր ներդրում ունեն, ինչի համար պարբերաբար բանահավաքությամբ են զբաղվում Հայաստանի տարբեր հատվածներում:


«Զբոսաշրջիկը ցանկացած երկիր լինելուց հետո, հիշում է աչքի տեսածն ու քիմքի զգացածը: Մենք աշխատում ենք զբոսաշրջիկներին մեր ազգային կերակրատեսակներով հյուրասիրել, քանի որ դա նաև իրենց է հետաքրքիր: Մենք ուզում ենք մեր երկիրը դարձնենք գրավիչ: Մենք խոհարարներ ենք և այլ բան չենք կարող անել»,-եզրափակեց Սեդրակ Մամուլյանը: