Հայ գեներալներն ու արցախյան հերոսամարտի մասնակիցները պատրաստակամ են սահմանում փոխարինել զինվորներին.Կոմանդոս
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը երեկ ոչ մի օպերատիվ հավաքի չի մասնակցել, բայց նաև չժխտեց, որ նման հավաքներ ընդհանրապես լինում են: «Հանդիպումներ լինում են, որի ընթացքում քննարկում ենք Ադրբեջանի «լկտի» քարոզչական նպատակները և, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել մեր զինված ուժերին: Գուցե նմանատիպ մի հավաք էլ այնտեղ է եղել, ես տեղյակ չեմ»,-ասաց Կոմանդոսը:
Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տեղեկություններով, երեկ երեկոյան Արմավիրի մարզում օպերատիվ հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են հարյուրից ավելի հայտնի անձինք, որոնց կազմում են եղել բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, ինչպես նաև ռազմական փորձագետներ ու արցախյան հերոսամարտի մասնակիցներ: Թերթի տեղեկություններով՝ հավաքին մասնակցել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանը, որի ընթացքում ներկաները փորձել են վերլուծել և հասկանալ, թե ո՞րն է ադրբեջանցիների հերթական դիվերսիոն գործողությունների պատճառը:
Արկադի Տեր-Թադևոսյանը վստահեցրեց, որ իրենք պատրաստակամ են սահմանում փոխարինել զինվորներին, ու չնայած որոշ պահեստային զինվորականների կողմից արված նման առաջարկությանը, ըստ Կոմանդոսի, այդ քայլի անհրաժեշտությունը դեռևս չկա. «Հայաստանի զինված ուժերն առանց մեզ էլ վերահսկում են իրավիճակը և կարողանում են համարժեք հակահարված տալ»,-ասաց նա և հավելեց, որ հանդիպումների նպատակն է, որպեսզի միասնական լինենք՝ ինչը և կա:
«Երկրապահ» կամավորականների միության մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը Tert.am-ին նույնպես հավաստեց, որ նման հավաքից իրենք տեղյակ չեն: Ըստ նրա՝ ԵԿՄ-ն միշտ էլ վարչության նիստեր է անցկացնում, որի ժամանակ քննարկում է սահմանին տիրող իրավիճակը:
Վերջինս նշեց, որ երկրապահներն արդեն իսկ հիշյալ խնդրի շուրջ իրենց պաշտոնական հայտարարությունն արել են և մնում են նույն կարծիքին, այն է՝ խուճապի մատնվելու կարիք չկա:
«Ցավում ենք, որ սահմանին նման միջադեպեր են տեղի ունենում, որի հետևանքով նաև հայկական կողմից զոհեր կան, բայց պետք չէ խուճապի մատնվել: Երկրապահն ի վիճակի է երաշխավորելու, որ անհրաժեշտության դեպքում պահեստազորը պատրաստ է մասնակցելու պարտադրված պատերազին: Ադրբեջանն էլ լավ գիտակցում է, որ ոչ մի դեպքում չի կարող հաղթել, իսկ եթե գնա նման արկածախնդրության, ապա մենք Բաքվում կստիպենք նրանց խաղաղության պայմանագիր կնքել»,-ԵԿՄ պաշտոնական դիրքորոշումը փոխանցեց մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը:
Ի դեպ, ԼՂՀ-ում պահեստազորի երկօրյա հավաքի մասին լուրերը ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Մուշեղ Աղեկյանը հերքեց՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:









