ՌԴ մշակույթի նոր նախարարը ցանկանում է հուղարկավորել Լենինին

18:24 • 09.06.12

ՌԴ մշակույթի նոր նախարար Վլադիմիր Մեդինսկին գտնում է, որ աշխարհում առաջին սոցիալիստական հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի մարմինը պետք է հողին հանձնել, և ոչ պահել երկրի գլխավոր հրապարակի դամբարանում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ մինչ ընտրությունները նման որոշում չի կայացվել, հավանաբար,  իշխանությունների վարկանիշը չվնասելու համար, իսկ «հիմա ոչ ոք չի կարող վնասել»:

 

«Ես կարծել ու կարծում եմ, որ մարմինը պետք է հանձնվի հողին: Իսկ հուղարկավորությունը կկատարվի բոլոր պետական ծիսակարգերին համապատասխան»,- ասել է Մեդինսկին:


Իսկ ինչ է լինելու դամբարանի հետագա ճակատագիրը, հարցին նա պատասխանել է, որ այն կմնա որպես Կարմիր հրապարակի մի մասնիկ: «Դա պետք է թողնել: Հնարավոր է` այն վերածվի խորհրդային պատմության բաց թանգարանի: Այդ դեպքում, այն կլիներ բավականին թանկ տոմսերով և շատ այցելու ունեցող թանգարան»,- կարծում է նախարարը: