Օբաման Եվրամիությունից խիստ քայլեր է ակնկալում ճգնաժամի դեմ պայքարում
Եվրոպացի առաջնորդներին սպասվում է դժվարին որոշումներ ընդունել` եվրոգոտու ճգնաժամի հաղթահարման համար, զգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ելույթ ունենալով Սպիտակ տանը` նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը կաջակցի այդ որոշումներին, քանի որ եվրոգոտու նոր ճգնաժամը կազդի նաև Միացյալ Նահանգների տնտեսության վրա:
Ըստ նրա` եվրոպացի առաջնորդները պետք է որքան հնարավոր է շուտ կայունացնեն եվրոգոտու ֆինանսական համակարգը և սկսեն բարձրացնել թույլ բանկերի իրացվելիությունը:
Նա նաև կոչ է արել Կոնգրեսին վավերացնել երկրի տնտեսության ամրապնդմանն ուղղված գործազրկության դեմ պայքարի սեփական ծրագիրը` Եվրոպայում ճգնաժամի զարգացման դեպքում:
«Եվրոպայում ճգնաժամը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ Եվրոպան մեր խոշորագույն առևտրային գործընկերն է: Եթե Փարիզում կամ Մադրիդում մեր ապրանքների նկատմամբ պահանջարկը նվազի, ապա Փիթսբուրգում կամ Միլուոկիում աշխատատեղեր կփակվեն»,- ասել է Օբաման:
Ինչ վերաբերում է Հունաստանի` եվրոգոտուն հետագա անդամակցությանը, ապա նախագահն ասել է, որ դա հույների ներքին գործն է, սակայն «սպասվում են հետագա լրջագույն փորձություններ, եթե երկիրը հրաժարվի եվրոյից»:









