Ո՞վ կլինի Հռոմի հաջորդ պապը. L'Espresso
Կաթոլիկ եկեղեցին հիշեցնում է Fiat-Chrysler կոնցեռնը` մահանում է Իտալիայում ու Եվրոպայում, ամրապնդվում Միացյալ Նահանգներում, սակայն առավել խոստումնալից են աշխարհի այլ հատվածում շուկաները, որոնք մտածում են` ո՞վ է դառնալու նոր Պապ, գրում է իտալական L'Espresso թերթը:
Ըստ հոդվածագիր Սանդրո Մաջիսթերի` ամենամեծ թվով կաթոլիկներն այժմ բնակվում են Բրազիլիայում`134 մլն մարդ, որն ավելին է Իտալիայի, Ֆրանսիայի ու Իսպանիայի կաթոլիկների ընդհանուր թվից:
«Այս երկրում կաթոլիկությանը հաջողվեց դիմակայել խիստ մրցակցությանը, որը նախորդ տասնամյակում ծանր հարվածներ հասցրեց եկեղեցուն, և որի հետևանքով միլիոնավոր մարդիկ համալրեցին հիսունականների շարքերը»,- գրում է հոդվածագիրը` հավելելով, որ այսօր «արտահոսքը» դադարել է:
Կաթոլիկների թիվն արագորեն աճում է նաև Հարավային Կորեայում, որտեղ ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ մկրտվելու ցանկություն են հայտնում: Մայրաքաղաք Սեուլում նրանք կազմում են բնակչության 15% -ը, երբ կես դար առաջ այնտեղ ընդհանրապես կաթոլիկ չկար:
Բացի այս երկրից, այն մեծ թափ է առել նաև Չինաստանում, որտեղ դա հետապնդվում է: Այս երկրում քրիստոնյաների` կաթոլիկ և ոչ կաթոլիկ, թիվը, տարբեր գնահատականներով, 16 մլն-ից 200 մլն է: Այս երկրում կաթոլիկ դառնալու ցանկություն ունեն քաղաքների` հատկապես ապահով խավերի բնակիչները:
«Երբ այցելում ես չինական բուհեր, ապշում ես «քրիստոնեական» միջավայրից, որն առավել զգալի է, քան արևմտյան համալսարաններում»,- գրում է թերթը:
Սակայն Ասիայում միակ երկիրը, որտեղ կաթոլիկները մեծամասնություն են` 76 մլն հավատացյալ, Ֆիլիպիններն է:
Կաթոլիկների թվաքանակի աճ է գրանցվում նաև Աֆրիկայում: Սահարայից հարավ ընկած հատվածում կաթոլիկների թիվը վերջին հարյուրամյակում 2 մլն-ից հասել է 130 մլն-ի:
«Համաշխարհային կաթոլիկության մեջ կատարվող փոփոխությունները շատ մասշտաբային են, իսկ Հռոմի նոր պապի պաշտոնի ամենահարմար թեկնածուն , անկասկած, 68-ամյա կանադացի կարդինալ Մարկ Ուելեն է, ով տիրապետում է բազմաթիվ լեզուների, Քվեբեկի արքեպիսկոոպոսն է, Ռատցինգերի դպրոցի ճանաչված աստվածաբան, Լատինական Ամերիկայի նախկին միսիոներ»,- եզրափակում է թերթը:









