ԱՄՆ-ի ու եվրոպական մի քանի երկրների վարկանիշերը կարող են իջեցվել

11:25 • 09.06.12

Standard & Poor's միջազգային վարկանշային գործակալությունը հայտարարել է, որ մինչև 2014թ.-ը կարող է իջեցնել Միացյալ Նահանգների վարկային վարկանիշը` զրկելով երկրին AA+ մակարդակից, հայտնում է BBC-ն: Իր հերթին, Moody's գործակալությունը հայտարարել է եվրոպական մի քանի երկրների վարկանիշերի նվազման մասին:

 

Moody's-ի հաղորդագրության համաձայն` Հունաստանի` եվրոգոտին լքելը բացասական ազդեցություն կունենա շատ երկրների` այդ թվում` Կիպրոսի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Իտալիայի ու Իսպանիայի վարկանիշերի վրա:

 

«Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց կհանգեցնի զգալի կորուստների այն ներդրողների համար, ովքեր ներդրումներ են արել հունական արժեքավոր փաստաթղթերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Moody's-ը նաև նշել է, որ Հունաստանի` եվրոգոտին լքելը վտանգի տակ է դնում միասնական եվրոպական արժույթի գոյությունը: Վերլուծաբանների խոսքով` սա կարող է եվրոպական երկրների վարկանիշերի վերագնահատման առիթ լինել:
Այդ դեպքում ամենաբարձր վարկանիշն ունեցող Գերմանիան ու Ֆրանսիան կարող են զրկվել իրենց Aaa վարկանիշից: