Ոստիկանության և դատախազության աշխատակիցների մեքենան հայտնվել է Սևանա լճում. նրանցից մեկը եղել է հարբած (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ճանապարհի երկաթյա պատնեշներին և հայտնվել լճում:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վարորդի հետ եղել է մեկ ուղևոր, նրանք կարողացել են դուրս գալ լճից:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր նախնական տեղեկություններով վարորդն ու ուղևորը ոստիկանության և դատախազության աշխատակիցներ են, ովքեր վթարի վայրում իրենց լկտի են պահել: Մասնավորապես նրանցից մեկը, ով, հավանաբար եղել է մեքենայի վարորդը, եղել է հարբած վիճակում և խոչընդոտել է Շամշյանի աշխատանքը: Ավելի ուշ ոստիկանները նրան տեղափոխել են Ոստիկանության Սևանի բաժին:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայական Նորայր Պետրոսյան անվամբ և ոստիկանության կրտսեր սերժանտ կոչումով:
Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի հրշեջ փրկարար ջոկատի 1 մարտական հավարկ և Հայաստանի ջրափրկարարական ջոկատը՝ երկու ջրասուզակով: Այս պահին ջրասուզակները փորձում են հատուկ ճոպանի միջոցով և կռունկի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենան:
Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները Գ. Շամշյանին հայտնել են, որ ջրում հայտնված մեքենայի համարանիշներն են 24 ՕՏ 666:
Լուսանկարները՝և տեսանյութը Գագիկ Շամշյանի









