Երեք ամիս ջրասույզ եղած Subaru Legacy-ն առաջին փորձից գործարկվել է (լուսանկարներ)
1996թ. արտադրության Subaru Legacy-ն, որը գարնանը հայտնվել էր ֆիննական լճի հատակին, ջրի տակից հանելուց հետո առաջին իսկ փորձից գործարկվել է: Մեքենան ձմեռային ձկնորսության ժամանակ սառույցի կոտրվելու պատճառով անցել էր ջրի տակ և միայն հիմա էր հնարավոր եղել այն ջրից հանել:
Ճապոնական մեքենան ջրից հանելուց հետո որոշ ժամանակ է պահանջվել, որ միջից ջուրը դուրս թափվի: Վառելիքի բաքը նույնպես ջրով էր լցվել, սակայն նրանում դեռ մի փոքր բենզին էր մնացել:
Տիրոջ խոսքով, Legacy-ն ջրի տակ էր անցել անջատված շարժիչով, այնպես որ, 4 գլանային «օպոզիտայինը» չպետք է ջուր «խմած» լիներ: Այդ պատճառով նա միայն փոխել էր մոմերը և շարժիչային հատվածից հանել էր կենդանի ձկներին:
Առաջին գործարկումը հաջողությամբ էր անցել՝ չնայած վառելիքի համակարգում մնացած ջրին, և ձկնորսները այդպես մոտ 20 կմ ճանապարհ են անցել:









