Հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը ձեռք է բերել դինամիկ բնույթ. ԱԺ նախագահ

00:06 • 10.06.12

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին:

 

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

ԱԺ նախագահը փաստել է, որ վերջին տարիների ընթացքում հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը ձեռք են բերել դինամիկ բնույթ:

«Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերով: Հայ-գերմանական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը Եվրամիության կառույցներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

ԱԺ նախագահի համոզմամբ` երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին և այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական կապերն աշխուժացնելու, պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, միջազգային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:

 

ԱԺ նախագահի խոսքով ` Հայաստանը մեծապես շահագրգռված է Գերմանիայի հետ առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ ու խորացմամբ:

 

Ռուպրեխտ Պոլենցը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Նա նույնպես կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների էլ ավելի զարգացումը և խորացումը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և հայ- թուրքական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով և հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը:

 

Պոլենցի համոզմամբ, նույնպես հիմնախնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում:

 

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: