Ավտովթար Լոռու մարզում, 4 վիրավոր, 2-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր (լուսանկարներ, տեսանյութ)

14:22 • 10.06.12

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից Тert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 7.30-ի սահմաններում «Օպել-Վեկտրա» մակնիշի 31 ՕԼ 873 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` Շիրակամուտ գյուղի սկզբնամասում դեպի Սպիտակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև կամրջի երկաթյա սյանը, և մոտ 7 մետր գլխիվայր գլորվելով ընկել ձորը:


Վարորդին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Գեղասար և Շիրակամուտ գյուղի բնակիչները: Վիրավորներից են Գյումրի քաղաքի բնակիչներ 22-ամյա Վազգեն Սվարյանը, 24-ամյա Արմեն Սիմոնյանը, 20-ամյա Գևորգ Գևորգյանը 22-ամյա Գրիգոր Մինասյանը: Երեքին տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, իսկ մեկին՝ Սպիտակի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ բժիշկների գնահատմամբ Վ. Սվարյանի և Գ. Մինասյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:


Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչ Պողոսյանը: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վարորդն ու բոլոր վիրավորները Գյումրի քաղաքի Տրդատ ճարտարապետ 32Ա շենքի բնակիչներ են, հարևաններ, և գնում էին քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու:



 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի