Հայաստանում ամուսնությունների թվի աճին զուգահեռ մեծացել է նաև ամուսնալուծությունների թիվը
Նախորդ տարվա համեմատությամբ՝ Հայաստանում գրանցված ամուսնություններն ավելացել են, միևնույն ժամանակ ավելացել է նաև ամուսնալուծությունների թիվը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ նշելով, որ եռամսյակում ամուսնություններն ավելացել են 1,4 %-ով՝ կազմելով 4 668, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում գրանցվել է 4604 ամուսնություն:
Բանախոսի փոխանցմամբ, 0,4%-ով աճել են ամուսնալուծությունները.«779 դեպք է արձանագրվել նախորդ տարվա 776-ի համեմատությամբ»:
Վերջինս, միաժամանակ, նկատեց, որ 1000 բնակչին բաժին ընկնող ամուսնության գործակիցը պահպանվել է նույն մակարդակի վրա, այսինքն՝ 1000 բնակչի կտրվածքով արձանագրվել է 6 ամուսնության դեպք: «Ամուսնալուծությունները նույնպես կազմվել են 1 պրոմի, այսինքն՝ նույնպես պահպանվել են նույն մակարդակի վրա: Նախորդ տարվա առաջին երեք եռամսյակի համեմատ, 1000 բնակչի հաշվով, մեկ ամուսնալուծության դեպք է գրանցվել»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի դիտարկմամբ՝ ներկայացված թվերին պետք է վերապահումով վերաբերվել.«Որովհետև մեզանում ակնհայտ է փաստը, որ գրանցումները կատարվում են ոչ պատշաճ ժամկետում, այսինքն՝ գրանցումը կատարվում է, մեծամասամբ այն ժամանակ, երբ երեխան ծնվում է»:
Ամուսնալուծություններին, ըստ Ռուբեն Եգանյանի, նույնպես պետք է վերապահումով մոտենալ. «90-ականներին, երբ ամեն ինչ շատ վատացավ, ծնելիությունը նվազեց, ամուսնությունների թիվը նվազեց, ամուսնալուծությունների թիվը նույնպես նվազեց: Բայց երբ վիճակը որոշակի բարելավվեց, գրանցվեց ամուսնալուծությունենրի աճ»,-ասաց ժողովրդագիրն ու բացատրեց, որ պատերազմի տարիներին մարդիկ ժամանակ չունեին իրենց ամուսնական հարաբերությունները կարգավորելու և երբ ժամանակ ունեցան, այսինքն, երբ պատերազմն ավարտվեց մարդիկ սկսեցին կարգավորել անձնական հարցերը:
Այս ամենով հանդերձ, բանախոսը նաև գրանցեց, որ զարգացած երկրների հետ համեմատած Հայաստանում ամուսնական հարաբերությունները շարունակում են մնալ բարվոք վիճակում.«Եթե Հայաստանում 10 ընտանիքից 2-ը կարող են ամուսնալուծվել, ապա զարգացած երկրներում դա կազմում է 4,5 և անգամ՝ 6»,-հուսադրեց ժողովրդագիրը:









