Անուշ Սեդրակյանը ՀՀԿ-ին չի հավատում՝ կոալիցիայի հարցում ոչ արդար «քաղաքական խաղի» պատճառով

16:39 • 11.06.12

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը, ով Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հրավիրված էր մասնակցելու ասուլիս-բանավեճին, ասուլիսի սկզբում ասաց, որ ինքը շարունակում է չհավատալ ՀՀԿ պատգամավորին:


Եվ առհասարակ, հանրապետականներին չհավատալը պատգամավոր Սեդրակյանը մեկնաբանեց՝ քաղաքական կոալիցիայի ձևավորման հարցում ՀՀԿ-ի ոչ արդար «քաղաքական խաղով»:


Ապա նկատեց, թե չի հավատում ձևավորված կոալիցիոն ձևաչափին, քանի որ, ըստ նրա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «հոգով, սրտով» միացած է կոալիցիային:
«Դա պարզ կլինի, երբ նա հայտարարի, որ ընդդիմություն է, ինչը ես համոզված եմ, որ ԲՀԿ-ն չի անի: Այ, եթե ԲՀԿ-ն իր տնտեսական լծակները հանձներ, դա արդեն ուրիշ բան է, թե չէ ուրիշի պաշտոնը հանձնելը հեշտ է, իսկ սեփական տնտեսական լծակը՝ ոչ»,- ասաց նա և եզարակացրեց, որ սա հերթական պայմանավորվածության սցենարն է, երբ իշխանությունը ընդդիմությանը բերում է իշխանության:


Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ Անուշ Սեդրակյանի քննարակումները մաֆիայի խաղ են հիշեցնում: «Մենք ի՞նչ է՝ մաֆիա ենք խաղո՞ւմ, տնտեսական լծակը հանձնելը ո՞րն է»,-հարց ուղղեց նա:


Անուշ Սեդրակյանն ի պատասխան հարցին՝ հակադարձեց. «Ընդամենը, թող մտնեն հարկային մաքուր դաշտ»:


Այս հարցում ևս Այվազյանը ընդդիմախոսի տեսակետը չկիսեց: Ըստ նրա, Հայաստանում բոլորն էլ անխտիր հարկային դաշտում են գործում և նկատեց, թե կան ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների օրինակներ, ովքեր իրենց բիզնեսը արդյունավետորեն շարունակում են:

Վերջինս բերեց Սուքիասյանների ընտանիքի օրինակը. «Տեսանք ինչ եղավ Սուքիասյանների բիզնեսի հետ, երբ նա հայտարարեց իր քաղաքական կողմնորոշման մասին»,-ասաց Սեդրակյանն ու ավելացրեց, որ բիզնեսը Հայաստանում հնարավոր է ծաղկեցնել միայն պետական հովանավորչության դեպքում:


Այս հարցում հետաքրքիր էր Վարդան Այվազյանի մեկնաբանությունը, ով մասնագիտական անդրադարձ կատարեց Սուքիասյաններին պատկանող «Բջնի» գործարանի խնդրին՝ նշելով, թե վերջիններս սեփականել էին ընդերքից վայրկյանում 7 լիտր դուրս եկող հանքային ջուրը և ոչ ոքի թույլ չէին տալիս մոտենալ, իսկ հիմա արդեն ով ցանկանա կարող է օգտագործել:


ՀՀԿ-ական պատգամավորը, չնայած համաձայնեց այն մտքին, թե Հայաստանում կա գերիշխող դիրք ունեցող բիզնես, բայց նաև նկատեց, որ չկա ստվերային բիզնես:


Վարդան Այվազյանը շարունակ պնդում էր, որ նոր ձևավորված խորհրդարանում այլևս գործարարներ չկան, սակայն օրինակներից հետո վստահեցրեց, թե նրանք իրենց բիզնեսը տվել են այլ կառավարողների: