Պատերազմներ, աղետներ ու զոմբիներ. աշխարհի վերջը մո՞տ է. The Independent

14:39 • 11.06.12

«Հենց հիմա իմ մտքում Ապոկալիպսիսն է: Հնարավո՞ր է նրա համար, որ նախորդ շաբաթ Six Flags America թեմատիկ այգում (ԱՄՆ-ում-Tert.am) բացվեց նման անունով ամերիկյան նոր կարուսել»,- գրում է բրիտանական The Independent-ի հոդվածագիր Ռուպերտ Քորնուելը` հավելելով, որ այս կարուսելով մարդը սլանում է վայրի արագությամբ, իսկ ճանապարհին բոցերի միջից նրան են հանդիպում գանգեր և քաղաքակրթության վերջն ազդարարող այլ իրեր:

 

Մեր օրերում կան բազմաթիվ պատճառներ, որոնք դրդում են մարդուն նման բան մտածել: «Վերցնենք, օրինակ, «լուրջ» նորությունները: Ներկայում մենք խրվել ենք ձանձրալի ու անվերջանալի թվացող 2012-ի նախընտրական շրջանում, և երբեմն թվում է, որ սրանից ազատումը կարող է լինել միայն աշխարհի վերջը: Այնուհետ գալիս են այն խոսակցությունները, թե ԱՄՆ-ի լավ օրերը մնացել են անցյալում, ու բնակչության 99%-ին մնում է գլորվել աղքատության անդունդը»,- գրում է թերթը` հավելելով, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ից դուրս:

 

«Վլադիմիր Սարսափելին կրկին դարձել է Ռուսաստանի ղեկավարը, իսկ Եվրոպայի տնտեսությունը գլորվում է անդունդը: Այնուհետ Սիրիայում տիրող սարսափելի իրարանցումը, որը կարող է ողջ Մերձավոր Արևելքը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ, հենց միայն Իսրայելը հարձակվի Իրանի վրա»,- գրում է թերթը:

 

Այս ամենին գումարած` մայր բնությունը. ջրհեղեղներն ու երաշտները, ցունամիներն ու տորնադոները, որոնք գնալով ավելի հաճախակի երևույթ են դառնում:

«Այս ամենն ավելի են ամրապնդում գլոբալ տաքացման մասին մեր մտավախությունները: Այս գործընթացներն արդեն անդառնալի են, եթե նույնիսկ քաղաքական գործիչները բավական համարձակություն դրսևորեն ու քաջ քայլեր ձեռնարկեն»,- գրում է նա:


«Ես կասկածներ ունեմ աշխարհի վերջի հստակ ամսաթվի հետ կապված: Կենտրոնական Ամերիկայի գիտնականները վստահ չեն, որ Մայաների օրացույցում 2012թ.-ի դեկտեմբերի 21-ն իսկապես նշված է որպես աշխարհի վերջն ազդարարող օր: Սակայն, որ այն մոտենում է, հաստատում են վերջին ժամանակներում տիեզերական ֆենոմենները: NASA-ն կարծում է, որ տիեզերքում կա 4.700 «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդ, որոնք սպասում են, թե երբ են հարվածելու մեզ»,- նշում է հոդվածագիրը:

 

Իսկ ինչ վերաբերում է զոմբիների Ապոկալիպսիսին, ապա ըստ հոդվածագրի` խոսքը Ջորջ Ռոմերոյի հանրահայտ «Կենդանի մեռյալների գիշերը» ֆիլմի ու դրա շարունակության սարսափելի արարածների մասին է, որոնք հոշոտում են մարդկային մարմինները: Նմաններն արդեն մեզանում քիչ չեն, կարծում է Քորնուելը` հիշեցնելով վերջերս Մայամիում սարսափազդու դեպքը, երբ ոստիկանության կողմից սպանված մերկ տղամարդը կերել էր իր զոհի դեմքը,  Մերիլենդում ևս մեկն էլ կերել էր մարդկային ուղեղ ու սիրտ: Հիշատակվում է նաև Կանադայում քաղաքական կուսակցություններին ու դպրոցներին մարդկային մարմնի մասեր ուղարկող մոլագարի մասին:
 

«Բնությանը դեմ երևույթների կտրուկ աճ, տնտեսական, քաղաքական ու բնական աղետների թվաքանակի ավելացում. եթե սա իրականում այսպես է, ապա եկեք ավելի շատ շունչ հավաքենք: Սակայն եթե «Ապոկալիպսիս» կարուսելի սիրահար եք, ապա մենք կկարողանանք անցնել բոցերի միջով ու ողջ մնալ, որպեսզի այս մասին պատմենք հետագա սերունդներին»,- եզրափակում է հոդվածագիրը: