Իրանական գրքերում հրեաները կապիկների տեսքով են պատկերված եղել
Կանադայի դպրոցներում պարսկերենի իրանական դասագրքերում հրեաները պատկերված են եղել կապիկների տեսքով, գրում է «Ալ արաբիա»-ն` հղում անելով Ynet News-ին:
Այդ դասագրքերը հրատարակվել են Իրանի կրթության նախարարության կողմից և օգտագործվել են կանադական դպրոցներում` տարրական դասարանների աշակերտների համար:
Գրքերից մեկում մի տեքստ է տպագրված, որը պատմում է, որ 6-ամյա պաղեստինցի մի տղա սովորեցնում է իր կրտսեր եղբորը, թե ինչպես պետք է քարկոծել հրեա զինվորներին: Այնուհետև տեքստի վերջում պատմվում է, որ հրեա զինվորը սկսում է զենքով ծեծել փոքր երեխային` ուժեղ հարվածելով նրան գլխին և արնաշաղախ անելով: Տեքստի տակ տեղադրված է մի նկար հետևյալ մեկնաբանությամբ. «Հրեա զինվորն իր զենքի կոթով ծեծում է փոքրիկ Մոհամեդին, իսկ նրա տաք արյունը թափվում է եղբոր` Խալեդի ձեռքերի մեջ»:
Բացի հրեաների վարկաբեկումից, գրքում նաև տեղ են գտել մանկահասակ մահապարտներին գովերգող նյութեր: Գրքերում նաև նշվում է, որ տղաները պետք է բավականչափ առողջ և ամուր լինեն, որպեսզի պատրաստ լինեն ջիհադի, երբ դրա ժամանակը գա:
Մի շարք կանադական դպրոցներ, հաշվի առնելով գրքերի հակահրեական և սրբազան պատերազմ քարոզող բովադակությունը, դադարեցրել են դրանց կիրառումը և հրապարակայնորեն ներողություն խնդրել:









