ԱՄՆ առևտրի նախարարն ավտովթարի վայրից փախուստի դիմելու ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի
Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ջոն Բրայսոնը դարձել է միանգամից երկու ավտովթարի մասնակից, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ամերիկյան ոստիկանությանը:
Իրավապահների համաձայն` Բրայսոնի վարած Lexus մակնիշի մեքենան բախվել է իր առջևից ընթացող մեքենային, որի 3 ուղևորներից 2-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Դրանից հետո նախարարը «մի երկու բառ է փոխանակել» վթարի ենթարկված մեքենայի վարորդի հետ ու շարունակել ճանապարհը: Սակայն բառացիորեն րոպեներ անց նրա մեքենան կրկին բախվել է առջևից ընթացող մեքենային, որում եղել է ամուսնական զույգ, ու կրկին դիմել փախուստի:Սակայն քիչ անց նա կանգնեցրել է մեքենան ու կորցրել գիտակցությունը:
Այժմ նախարարը թեթև վնասվածքներով հիվանդանոցում է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ոստիկանության` պաշտոնյան հարբած չի եղել: Այժմ նա պատասխանատվության կենթարկվի երթևեկության կանոնները խախտելու համար:









