Ամերիկահայ երաժիշտը 16 տարի անց գտել է իր գողացված 200-ամյա թավջութակը

10:06 • 11.06.12

Ամերիկահայ երաժիշտ Վահե Հայրիկյանը անհավանական որոնումներից հետո Փասադենայում գտել է 16 տարի առաջ գողացված իր 200 տարվա թավջութակը, հայտնում է Los Angeles Times-ը: Հայրիկյանը երաժշտություն է դասավանդում Փասադենայի նվագախմբում:


1996-ի հունիսին Հոլիվուդում գողացել էին Հայրիկյանի մեքենան՝ թանկարժեք գործիքով հանդերձ: Այդ ժամանակ գողացվել էին նաև աղեղները, որոնցից մեկը գրեթե նույնքան թանկ արժե, որքան թավջութակը: 

 

Որոշ ժամանակ անց, ինչպես հայտնի է դարձել օրերս, թանկարժեք թավջութակը տեղի երաժշտական խանութներից մեկին էին վաճառել 900 դոլարով: Երբ խանութի տերը ցանկացել էր վաճառել դա՝ միանգամից 2 գնորդ էր հայտնվել: Մեկն առաջարկել էր 7500, մյուսը 8500 դոլար:

 

Սակայն ծավալած սեփական հետաքննության և ունեցած հին լուսանկարների շնորհիվ Հայրիկյանին հաջողվել էր ապացուցել, որ գործիքը հենց իրենն է: Նա խանութում ստացել է իր գործիքը և այդ ժամանակ նվագել է Բախի թավջութակի սյուիտ No. 2 D minor-ը: Երաժիշտը խոստացել է անհավանական վերամիավորման առիթով այս տարվա վերջին համերգ տալ այն խանութում, որտեղ գտել է ջութակը, և վճարել է դրա տիրոջը՝ գործիքի վրա արված ծախսերի համար

 

Հայրիկյանը թավջութակը գնել է Հայաստանում 1986-ին, սակայն չի կարողացել գործիքը երկրից դուրս հանել, երբ 1990-ին տեղափոխվել է ԱՄՆ: Միայն 2 տարի անց նրա ընկերոջը հաջողվել է գործիքը Չեխոսլովակիայով և Անգլիայով Լոս Անջելես հասցնել: