Այսօր 366 փաստաբաններ «դատադուլ» կանեն

11:07 • 11.06.12

Այսօր՝ հունիսի 11-ը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ 366 փաստաբանների կողմից հայտարարված է դատադուլի օր՝ ի նշան դատական համակարգի ապօրինությունների:


Այսօր փաստաբան Գևորգ Գյոզալյանի նախաձեռնությանը միացած փաստաբանները չեն ներկայանա իրենց պաշտպանյալների և վստահորդների գործերով նշանակված դատավարություններին: Իսկ ժամը 14-ին բողոքի ակցիային միացած փաստաբանները կհանդիպեն լրագրողների հետ, կներկայացնեն իրավիճակը և կհրապարակեն հայտարարության տեքստը: Այս մասին Tert.am-ին հայտնեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

 

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի փաստաբանների մի խումբ՝ Լուսինե Սահակյան, Գևորգ Գյոզալյան, Հայկ Ալումյան, Կարեն Մեժլումյան կազմով, մայիսի 25-ին ստեղծել էին հանձնաժողով, որը պետք է զբաղվեր դատական համակարգում առկա առավել աղաղակող փաստերի հանգամանալի ուսումնասիրմամբ և Վճռաբեկ դատարանին ներկայացներ դրանք շտկելու լուծումները, սակայն ավելի ուշ փաստաբանները որոշեցին դիմել առավել ծայրահեղ միջոցի:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին ուղղված բաց նամակում նշվում էր. «Գիտակցելով, որ գործադուլը հանդիսանում է մեր բողոքի դրսևորման ամենածայրահեղ ձևերից մեկը, այնուամենայնիվ, որոշել ենք դիմել այս ծայրահեղ միջոցին, նկատի ունենալով, որ մինչև այժմ մեր կողմից ձեռնարկված տարաբնույթ միջոցները (բողոքներ տարբեր մարմիններին, ցույց, հրապարակումներ ԶԼՄ-ներում և այլն) ոչ միայն չեն շտկել իրավիճակը, այլ` պարզապես անտեսվել են»:


Հիշեցնենք, որ այս ակցիայի կազմակերպման պատճառ էր դարձել այն, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Գյոզալյանի վստահորդի գործով դատաքննության ժամանակ չէր հետազոտել գործի ապացույցները (գործը գտնվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում - Tert.am), իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները ստորադաս դատական ատյանի որոշումների բողոքարկման մասին Գյոզալյանի դիմումները չէին ընդունել՝ այդ իսկ կերպով ստեղծելով նախադեպ, որ այլ գործերով էլ ապացույցները չուսումնասիրվեն:

Գևորգ Գյոզալյանը հայտնել էր, որ այդ գործով անցնող կողմերից մեկի հայրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

 

Փաստաբանները պահանջում են նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չընդունելու և վերադարձնելու մասին որոշումները գրավոր կերպով պատճառաբանի:
«Հայտնի է, որ դեռևս 2007 թվականից` ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված նոր լիազորություններն իրականացնելու նպատակով, ՀՀ դատական օրենսգրքում, դատավարական օրենսգրքերում սահմանվեցին վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշներ: Այս պահից սկսած մինչև օրս Վճռաբեկ դատարանը, օգտվելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու չափանիշների անորոշությունից, բազմիցս կամայականություն է դրսևորել այդ օրենքը կիրառելիս, որի արդյունքում մինչև այժմ մեզ հայտնի չէ գոնե մեկ դատական ակտ, որում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշումը լիներ պատճառաբանված: Հայտնի են վճռաբեկ բողոքները վերադարձվելու բազմաթիվ դեպքեր, երբ ճիշտ նույն չափանիշներին համապատասխանող մեկ այլ սուբյեկտի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Նույնիսկ եթե բացառենք վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու փուլում կոռուպցիոն երևույթների առկայության վարկածը, ապա` Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտները առնվազն չեն փարատում այն անձանց կասկածները, ովքեր հակված են մտածելու, որ այդ երկակի մոտեցումների հիմքում կոռուպցիան է»,- նշված է գործադուլի մասին որոշումից հետո ընդունված փաստաբանների հայտարարության մեջ: