Ցմահ դատապարտյալին կոչ արեցին դադարեցնել հացաջրադուլը, իսկ իշխանություններից պահանջեցին՝ վերանայել գործը

13:25 • 11.06.12

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այսօր առավոտյան ժամը 9-ից հայտարարել է հացաջրադուլ: Նա ՀՀ նախագահից և պատկան մարմիններից պահանջում է վերանայել իր գործը:  


Նշենք, որ բժիշկների ընտանիքի զավակ Մհեր Ենոքյանը, Երևանի բժշկական համալսարանի 3-րդ կուսում՝ 20 տարեկան հասակում, մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ՝ դատապարտվելով գնդակահարության, ինչը հետագայում վերափոխվել է ցմահ ազատազրկման:


Դատապարտյալի փաստաբանների փոխանցմամբ, Ենոքյանն իր ցուցմունքներում երբեք չի ընդունել իր մեղքը, և այսօր էլ շարունակում է պնդել իր անմեղությունը:


Այսօր՝ ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամները սույն խնդրով հանդիպեցին լրագրողների հետ: Նրանք նախ, Մհեր Ենոքյանին կոչ արեցին դադարեցնել չոր հացադուլը՝ ինչն ամռան շոգին խիստ վտանգավոր կարող է լինել վերջինիս առողջության համար: Ապա ՀՀ վճռաբեկ դատարանից պահանջեցին ՝ 16 տարի առաջ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում երևան եկած նոր հանգամանքների բացառիկ հիմքով, 1996 թվականին կայացրած դատավճիռը բեկանելու որոշում կայացնել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տեղեկացրեց, որ երբ ինքը հանդիպել էր Մհեր Ենոքյանի հետ, նրա՝ բանտից փախուստից հետո, վերջինիս գտել էր հուսահատ վիճակում՝ նա փորձել էր ինքնասպանություն գործել:
Իշխանյանը պատմեց, որ Ենոքյանին խոսք է տվել, երբ համոզվի, որ բոլոր դռները փակված են, ինքը նրան այդ մասին տեղյակ կպահի, իսկ մինչ այդ իրավապաշտպանը կոչ է անում՝ սպասել: «Դեռ բոլոր դռները փակված չեն: Գուցե մեկ, երկու տարի, կամ ավելի շարունակվի, բայց պետք է հույս ունենալ»,- առանց մանրամասնելու՝ նկատեց Իշխանյանը:


Իրավապաշտպանն իշխանությունների վերաբերմունքը, մասնավորապես, հասարակական լայն հնչեղություն ստացած Մհերի գործին, համարելով՝ «մեղմ ասած, անտարբերություն մարդկային ճակատագրերի նկատմամբ», ասաց, որ միչև քսան տարեկան հանցագործություն կատարած անձանց հետ բացարձակապես աշխատանք չի տարվում:


Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն էլ այն կարծիքին է, որ դատական իշխանությունները չեն ուզում վերանայել գործը, քանի որ առհասարակ ցանկություն չունեն զբաղվել ցմահ դատապարտյալների հարցերով, որովհետև չեն ուզում ընդունել, որ սխալներ են թույլ տվել ամենածանր պատիժների սահմանման հարցում:


Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև գրող Արծվի Բախչինյանը, ով ասաց, որ միչև Մհերի հեղինակած գրքի ընթերցումը, վերջինիս չի ճանաչել և գրքին ծանոթանալուց հետո որոշել է միանալ նրա իրավունքները պաշտպանող խմբին:

 

Ի դեպ, Բախչինյանը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությանը միացել են շուրջ 200 անձինք, որոնց թվում են մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր ստորագրել են Մհեր Ենոքյանի գործի վերանայման օգտին՝ դիմում ուղարկելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արամ Մկրտումյանին:


Լրագրողներն Ավետիք Իշխանյանից հետաքրքվեցին, թե ինչպե՞ս է այս նախաձեռնությանը վերաբերվում տուժող կողմը. Իրավապաշտպանը պատասխանեց՝ սպանվածի հարազատների պահանջը բնական է, նրանց կորուստը ծանր է և նրանք ցանկանում են որևէ մեկին տեսնել պատժած: Ահա թե ինչու, եթե անհգամ. «Հաճախ համոզմունք կա, որ տվյալ անձը չէ սպանողը, բայց բավարարված են լինում, երբ որևէ մեկը պատժվում է»,-եզրափակեց նա: