Առաջիկա ընտրությունները Վրաստանի իշխանությունների համար ժողովրդավարության թեստ կլինեն. Ապաթուրայ
Վրաստանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն իշխանությունների համար ժողովրդավարության թեստ կլինեն: Այս մասին այսօր հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նա Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերի պետնախարար Գիորգի Բարամիձեի հետ ազդարարել է «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկը, որի շրջանակներում մայրաքաղաք Թբիլիսիում ու մարզերում կանցկացվեն տարբեր միջոցառումներ` հանդիպումներ, համաժողովներ, խորհրդակցություններ և այլն:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Թբիլիսիում հանդիպումներ կանցկացնի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Վրաստանն ավելի ու ավելի է մոտենում ՆԱՏՕ-ի չափանիշերին: Կարճ ժամանակահատվածում Վրաստանն իրականացրել է ժողովրդավարական լրջագույն բարեփոխումներ ու հասել մեծ առաջընթացի, որոնք տպավորում են ՆԱՏՕ-ին ու նրա գործընկերներին»,- հայտարարել է Ապաթուրայը: Նրա խոսքով` ևս մեկ ժողովրդավարական թեստ կլինեն խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
«Վրաստանի իշխանությունները լուրջ հայց են ներկայացրել` ընտրություններին հրավիրելով մեծ թվով դիտորդների: Ես չեմ կասկածում, որ ընթանում են ընտրությունները թափանցիկ միջավայրում անցկացնելու լուրջ նախապատրաստական աշխատանքներ»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:









