Կարաբալային քանդակագործը լվացել է և նախապատրաստել նախկին տեղը վերադարձնելուն

13:53 • 11.06.12

Մինչև հունիսի  16-ը երևանցիների սիրելի ծաղկավաճառ Կարաբալայի արձանն իր նախկին տեղը կվերադարձվի, այն է՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի հարևանությամբ:

 

«Ես գնացել եմ, Կարաբալային լվացել եմ, մի հատ էլ պատվանդան պետք է տեղադրվի, որ վերադառնա իր նախկին տեղը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարաբալայի արձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

 

Վերջինիս խոսքով, արձանի տեղափոխման աշխատանքների ձգձգումը պայմանավորված է  այն հանգամանքով, որ դրա համար անհրաժեշտ է ամբարձիչ կռունկ: Նկատենք, որ չնայած առաջին հայացքից արձանը փոքր է թվում, բայց անցորդներին վարդեր բաժանող  Կարաբալան կշռում է կես տոննա:

 

Հիշեցնենք, որ Կարաբալայի արձանի վերադարձն իրականում ֆեյսբուքյան նախաձեռնություն է, երբ մի խումբ երիտասարդներ կոչ արեցին միավորվել և վերադարձնել հին Երևանի գոնե մեկ դետալը: Այդ առաջարկով նրանք դիմեցին քանդակագործ Լևոն Թոքմաջյանին: Վերջինս էլ հարցը բարձրացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ և պարզեց, որ քաղաքապետն էլ երկու ձեռքով կողմ է արձանի վերադարձին: