Իսրայելի Կնեսեթում վաղը կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը
Իսրայելի Կնեսեթում վաղը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հանրային քննարկում է ունենալու տեղեկացնում է իսրայելյան Haaretz պարբերականը:
Նախաձեռնության հեղինակը Meretz ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչ Զահավա Գալ-Օնն է: Քննարկումից հետո այն կտեղափոխվի Կնեսեթի տարբեր հանձնաժողովների օրակարգ:
Պարբերականը հիշեցնում է, որ վերջին երեք տարիներին Իսրայելում ակտիվացել են խոսակցությունները 97 տարի առաջ տեղի ունեցած 1.5 մլն հայերի սպանության մասին, ինչը պայմանավորված է Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացմամբ:
Սա առաջին անգամ չէ, որ Կնեսեթը քննարկում է այդ Հայոց Ցեղասպանության հարցը: 2011 թ.-ի դեկտեմբերին Կրթության հանձնաժողովը բաց քննարկում էր կազմակերպել այդ հարցով: Այդ ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչը ներկայացրել էր նախարարության բացասական դիրքորոշումը: Նրանք դեմ էին արտահայտվել օրինագծի ընդունմանը, նշելով, որ այն կվնասի Թուրքիայի հետ հարաբերություններին:
«Մեր հարաբերությունները շատ զգայուն են հիմա և մենք պետք է ուշադիր լինենք: Նման որոշումը կարող է շատ լուրջ ռազմավարական հետևանքներ ունենալ»,- ասել էր նախարարության ներկայացուցիչը:
Կնեսեթի խոսնակ Ռիվլինը նույնպես ելույթ էր ունեցել: Նա նշել է, որ օրինագծի հայտնվելը Կնեսեթում պայմանավորված չէ Թուրք-Իսրայելյան հարաբերություններում տիրող իրավիճակով: Նա հիշեցրել էր, որ դեռևս 1988 թ-ին առաջարկություն էր եղել Հայկական ողբերգության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ:
Հավանաբար այս քննարկման կազմակերպումը իսրայելյան կողմի պատասխանն է իրենց 4 բարձրաստիճան զինվորականների դեմ թուրքական «Մավի մարմարայի» միջադեպի վերաբերյալ թուրքական դատարան ներկայացված հայցին:









