Թբիլիսիի դատարանն Իվանիշվիլիին տուգանել է մոտ 91 մլն դոլարով
Թբիլիսիի դատարանն այսօր տուգանել է ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին 148 մլն 650 հազ 131 լարիով (մոտ 91 մլն դոլար)` նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ տրված խախտումների համար, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Այս որոշումը կայացվել է Վերահսկիչ պալատի Ֆինանսական մոնիթորինգի ծառայության ներկայացրած հայցի հիման վրա, որը մեղադրում է Իվանիշվիլիին ընտրողներին կաշառելու մեջ:
Մասնավորապես` խոսքը նրա նախաձեռնությամբ մարզերում 107 հազ հեռուստատեսային ալեհավաքներ տեղադրելու, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներին արտոնյալ պայմաններով 239 ավտոմեքենաներ տրամադրելու մասին է: Միլիարդատերը, ում կարողությունը Forbes հեղինակավոր ամսագիրը գնահատում է 6.4 մլրդ դոլար, գումարը պետք է վճարի մեկ շաբաթվա ընթացքում:
Ընդդիմադիր գործչի պաշտպանները, սակայն, նշում են, որ ընդդիմադիրը որևէ օրենք չի խախտել, իսկ դատարանի որոշումը քաղաքական հետապնդման արդյունք է: Նրանք վստահեցնում են, որ միլիարդատերը ոչ մի կապ չունի այն ընկերությունների հետ, որոնք տուգանվել են Վերահսկիչ պալատի կողմից:
Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը ցանկանում է մասնակցել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու հաղթանակ տոնել:









