Արմեն Գևորգյանը անբավարար է համարել համայնքների ընթացիկ բյուջեների կատարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները

19:33 • 11.06.12

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից:


Նիստին տեղեկացվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 85,8 տոկոս:
Արմեն Գևորգյանը ևս մեկ անգամ հորդորել է հետևել հավաքագրումների ընթացքին` անբավարար համարելով համայնքների ընթացիկ բյուջեների կատարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Նա ընդգծեց, որ վարչարարության հարցերը գտնվում են իր ղեկավարած նախարարության ուշադրության կենտրոնում:


Քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին եւ երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Զեկուցվել է այն մասին, որ աշխատանքներն իրականացվել են ըստ ժամանակացույցի: Երկրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 86,5 %: Երրորդ փուլով ևս արդեն սկսվել են աշխատանքները: Արմեն Գևորգյանը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքների` որակով և ըստ նախագծային ծավալի կատարումը:


Մարզպետները տեղեկություններ են ներկայացրել վերջին օրերին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած խնդիրների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պետական մարմինները միջոցներ կձեռնարկեն տուժած ենթակառուցվածքների` ճանապարհների, ջրագծերի վերականգնման ուղղությամբ:


Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման խնդիրներին, տեղեկություններ են ներկայացվել մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների մասին: Մարզպետները բարձրացրել են գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է:


Փոխվարչապետը տեղեկացրել է, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում` նշելով, որ առաջիկայում Տարածքային Կառավարման Նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է առաջարկություն ներկայացնել կառավարությանը` Սևանից ջրառի ծավալն ավելացնելու վերաբերյալ: Միաժամանակ` Արմեն Գևորգյանը հորդորել է մարզպետներին տեղերում հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար:


Տեղեկություններ են ներկայացվել նաև համայնքներում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման գործընթացի մասին: Արմեն Գևորգյանը կարևորել է քաղաքացիներին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում կոմիտեի մարզային ստորաբաժանումների հետ համայնքապետերի համատեղ աշխատանքների իրականացումը:


Հուլիսի 8-ին, 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերը ևս խորհրդակցության օրակարգում էին: Նշվել է, որ հուլիսի 8-ի ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են. արդեն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Փոխվարչապետն ընդգծել է ՏԻՄ ընտրությունների պատշաճ կազմակերպման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր աշխատանքների կատարման կարևորությունը:


Խորհրդակցությանը քննարկվել են նաև Հայաստանի մարզերի և ԼՂՀ վարչական շրջանների 2012թ. համագործակցության ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Արմեն Գևորգյանը մարզպետներին կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել դրանք և հետևել ընթացքին:


Անդրադարձ է եղել նաև մարզպետարանների աշխատակազմերում ներքին աուդիտի համակարգի ներդրման, վարչապետի համապատասխան որոշման կիրառման և այլ հարցերի: