New York Times-ն անդրադարձել է Միմար Սինանին՝ աշխարհի թերևս մեծագույն հայազգի ճարտարապետին (ֆոտոշարք)

14:04 • 11.06.12

New York Times-ը ծավալուն անդրադարձ է հրապարակել՝ նվիրված Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետ Միմար Սինանին: Նրա հայ լինելու վերաբերյալ, թվում է, բավականին փաստեր կան, ինչը սակայն թուրքերը ցեղասպանության փաստից ոչ պակաս կատաղի են վիճարկում:

 

Ամեն դեպքում, հեղինակավոր հրատարակությունը չի անդրադառնում Սինանի ազգային պատկանելությանը (քանի որ ինքը՝ հոդվածագիրը, իր համար նոր է բացահայտում է այդ ֆենոմենը), սակայն ըստ արժանվույն է գնահատում Սինանի թողած ժառանգությունը: Ավելին՝ այդ մակարդակում առաջին անգամ է բացարձակացվում Միմար Սինանի դերը՝ նաև որպես համաշխարհային ճարտարապետության հսկայի:

 

Իր բացահայտում-ուղևորությունը Ստամբուլի մոտ 3000 մզկիթների ֆոնին հոդվածագիրը սկսում է Սեմսի Փաշայի մզկիթից, որի ճարտարապետը Սինանն է՝ 16-րդ դարի վարպետ-ճարտարապետը:

 

Սակայն NYT-ի գնահատականը ավելին է. «Նա զուտ ճարտարապետ ու ինժեներ չէր: Սինանը (մոտ 1490-1588) Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետն ու ինժեներ-շինարարն էր, որն աշխատում էր կայսրության ծաղկման գագաթնակետի շրջանում. նրա գործատուները՝ Սուլեյման Հիսաքանչ սուլթանը և նրա հաջորդները, մոլորակի ամենազորեղ մարդիկ էին: Իր կարիերայի ընթացքում, որը սկսվեց, երբ նա 40 տարեկան էր և տևեց 5 տասնամյակ, Սինանը կառուցեց 300 շինություն՝ Արևելյան Եվրոպայում և Միջին Արևելքում: Չնայած Թուրքիա եկող արևմտյան հյուրերից շատերը Սինանի մասին երբեք չեն լսել, էքսկուրսավարները նրան համեմատում են իր ժամանակակից Միքելանջելոյի հետ: Սակայն նրա կառուցած շինությունների ընդգրկումը, մասշտաբները և զուտ քանակությունը հաշվի առնելով՝ նման համեմատությունը վիրավորանքի պես բան է Սինանի հասցեին: Միքելանջելոն իր տպավորիչ նպաստն ունի Հռոմի և Ֆլորենցիայի մի քանի շինությունների հարցում: Սինանի թողած հարյուրավոր շինությունները մինչ օրս առօրյա գործածություն ունեն՝ Բելգրադից մինչև Մեքքա: Կարելի է ասել, որ Սինանն աշխարհի առաջին starchitect-ը՝ աստղ-ճարտարապետն էր»:

 

Հոդվածագիրը չի վարանում ներկայացնել իսլամական ճարտարապետության վերաբերյալ ավելի քան 70 գրքերի հեղինակ Դողան Քուբանի համեմատություն, ըստ որի, Սինանը «իր ժամանակաշրջանի Էվկլիդեսն էր»:

 

Ստամբուլում Սինանի ամենահայտնի աշխատանքը Սուլեյմանիե մզկիթն է, որի շինարարությունն ավարտել է 1558-ին: Ի սկզբանե կառուցվել է որպես Սուլեյման սուլթանի դամբարան: Հետագայում նույն շինության մեկ այլ հատվածում իր վերջին հանգրվանն է գտել նաև ինքը՝ Սինանը:

 

Իր ճամփորդական հավելվածում պարբերականը նաև Սինանի գործերը ներկայացնող ֆոտոշարք է հրապարակել: