ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում

15:09 • 11.06.12

ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության լարվածությունը մեղմելու կոչ է անում: Այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

 

«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին ու նշում, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիմակայությունը կտրուկ սրվել է, ինչի կապակցությամբ հայտնում ենք մեր անհանգստությունը»,- ասել է նա:


Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ապաթուրայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն թեև չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն աջակցում է խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին:


«Մենք դեմ ենք լարվածությանը (շփման գծում), որն է’լ ավելի է սրում տարածաշրջանում իրավիճակը: Մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը` երկու կողմերի պահանջների բավարարմամբ»,- ասել է նա: