Նիգերիայում եկեղեցիների վրա հարձակումներ են տեղի ունեցել. 7 զոհ
Նիգերիայում 7 մարդ է զոհվել եկեղեցիների վրա իրականացված հարձակման հետևանքով:
Իսլամիստական խմբավորման իրականացրած հարձակումը տեղի է ունեցել երկրի կենտրոնական և հյուսիս-արևելյան հատվածներում: Ջոս քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն եկեղեցու մոտակայքում, ինչի հետևանքով վիրավորվել է 50 մարդ: Երկրորդ միջադեպի ընթացքում 5 զինյալներ մտել են Բիու քաղաքի եկեղեցին և կրակ բացել հավատացյալների ուղղությամբ, ինչի հետևանքով մի կին է զոհվել:
Ավելի ուշ 6 մարդ զոհվել է նույն Ջոս քաղաքում, երբ պայթյուններից զայրացած ցուցարարները դուրս են եկել քաղաքի փողոցներ:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը, որը վերջին տարիների ընթացքում Նիգերիայի եկեղեցիների և այլ կառույցների վրա բազմաթիվ հարձակումներ է գործել:









