Վաղը «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությանը կմասնակցի 8 հազար 957 դիմորդ
Շուրջ 15 հազար 327 դիմորդ արդեն մասնակցել է միասնական քննություններին, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը և հավելեց, որ առաջին չորս առարկաների քննություններից բացակայել է, ընդհանուր առմամբ, 104 ուսանող, վերջին՝ «Ռուսաց լեզու» առարկայի քննությունից բացակայողների թիվը դեռևս հստակեցված չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 1-ին: Մինչ օրս անցկացվել է 5 քննություն հետևյալ առարկաներից՝ «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն», «Հայոց լեզու և գրականություն», ինչպես նաև. «Ռուսաց լեզու»:
Տեղեկացնենք նաև, որ միասնական քննությունները կավարտվեն հունիսի 22-ին:
Վաղը՝ հունիսի 12-ին միասնական քննություն կանցկավի «Մաթեմատիկա» առարկայից, որին կմասնակցի 8 հազար 957 դիմորդ:
Թե մինչ օրս քանի՞ դիմորդ է իր գնահատականը բողոքարկել, Գայանե Մանուկյանը հստակ թիվ չկարողացավ ասել, փոխարենը նշեց, որ բողոքարկողների թիվը չափազանց քիչ է:
Անդրադառնալով քննական թեստերում հայտնաբերված սխալներին, ԳԹԿ մամուլի խոսնակն ընդգծեց, որ դրանք եղել են միայն տպագրական սխալներ:
«Քննությունների արդյունքներում տպագրական սխալները հաշվի են առնվել և լուծվել է հօգուտ դիմորդի: Սխալներն հայտնաբերվել են հայոց լեզվի և գրականության ու կենսաբանության քննական թեստերում»,-ասաց նա:
Նշենք, որ այս տարի «Կենսաբանություն» առարկայի քննության միջին գնահատակը 11.4 բալ է կազմում, «Ընդհանուր պատմությանը»` 12.2, «Աշխարհագրությանը»՝ 12.3, իսկ «Հայոց լեզու և գրականությանը»՝ 13.9 բալ:
Գայանե Մանուկյանը ասաց, որ հարկ չկա այս ցուցանիշները համեմատել նախորդ տարիների քննությունների միջին արդյունքների հետ, քանի որ քննական թեստերը փոփոխությունների են ենթարկվել:
Հիշեցնենք, որ այս տարի միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 հազար 107 դիմորդ:









