Քսենիա Սոբչակը ոստիկանությանը մեղադրում է իր բնակարանում գողություն կատարելու մեջ (տեսանյութ և լուսանկարներ)
Ռուս հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը ոստիկանությանը մեղադրել է «բացարձակ անօրինականության» մեջ իր տանը խուզարկություններ իրականացնելիս, որոնք իրականացվել էին «Միլիոնների երթի» անկարգությունների գործի շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Առավոտյան ժամը 8-ին մարդիկ ներխուժեցին, չէին թողնում հագնվեմ, թալանեցին բնակարանս, նվաստացնում էին», -այսօր գրել է Սոբչակը իր միկրոբլոգում:
Ավելի վաղ իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հաղորդել է, որ Սոբչակի բնակարանի խուզարկության ժամանակ քննիչները «որոշ քանակի օտարերկրյա արտարժույթով ծրարներ են հայտնաբերել` 1,5 մլն եվրո ընդհանուր գումարով:
Ավելի ուշ Սոբչակը Life News-ի տված իր հարցազրույցում հայտնել էր, որ իր մոտից մոտ 2 մլն եվրո է առգրավվել:
«Իմ տարեկան եկամուտն ավելի քան երկու միլիոն է: Ինչ է, ես գումարը տանը պահելու իրավունք չունե"մ, եթե բանկերին չեմ վստահում», - այսպես է բացատրել Սոբչակը նման գումարի առկայության փաստը:
Բացի այդ, լրագրողը դժգոհությունն է հայտնել առ այն, որ քննիչները, «ծաղրելով», բարձրաձայն կարդացել են իր անձնական նամակները:
«Ես երբեք չեմ կարծել, որ մենք նման ռեպրեսիաների երկիր կվերադառնանք», - ասել է Սոբչակը:
Բացի Սոբչակից, այսօր խուզարկության է ենթարկվել Ալեքսեյ Նավալնին, Իլյա Յաշինը, Սերգեյ Ուդալցովը և ընդդիմադիր ակցիաների կազմակերպիչ այլ ակտիվիստներ:
Շատ դեպքերում, ընդդիմադիրների պնդմամբ, ուժայինները չարդարացված կոպիտ են գործել, ակտիվիստներից առգրավված են համակարգիչներ, հեռախոսներ, փաստաթղթեր և այլ անձնական իրեր:
Կեսօրին ՌԴ իրավապահները շրջապատել էին «Ռոս Պիլայի» և Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի գրասենյակները, որոնց ղեկավարը Ալեքսեյ Նավալնին է:
Բացի այդ, խուզարկություններ են եղել ընդդիմադիր առաջնորդների հարազատների բնակարաններում:









