Սիրիայի ազգային խորհուրդը կգլխավորի ազգությամբ քուրդ առաջնորդը

10:56 • 11.06.12

Սիրիայի ազգային խորհուրդը երեկ նոր առաջնորդ է ընտրել: Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ազգությամբ քուրդ Աբդուլբասթ Սեյդան:
 

Նորընտրիր լիդերը երեկ առաջին ելույթում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը գտնվում է «վերջին շնչում» և արդեն կորցրել է որոշ քաղաքների վրա վերահսկողությունը: Սեյդայի խոսքով` Ասադը գտնվում է աղետալի վիճակում, ինչի մասին վկայում է նաև Սիրիայի քաղաքների բնակիչների վրա հաճախակի դարձած հարձակումները:
 

Տարիներ շարունակ Շվեդիայում բնակված քուրդ ակտիվիստն ընտրվել է երեկ` Ստամբուլում կայացած` Խորհրդի նիստի ընթացքում:
 

Նա միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանել Սիրիայի խաղաղ բնակչությանը` նախագահ Ասադի զորքերից և դիմել է ՄԱԿ-ին, կոչ անելով ռազմական միջոցներ կիրառել Սիրիայի դեմ:

«Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում համաձայնություն ձեռք չբերվի, ապա որոշ երկրներ կարող են գործել նաև առանց ՄԱԿ-ի մանդատի»,- ասել է նա:
 

Արևմտյան դիվանագետները պարբերաբար դժգոհում էին, որ Սիրիայի ազգային խորհուրդը, որի կենտրոնը գտնվում է Ստամբուլում, միասնական և նպատակային չէ:

Կառույցի նախկին ղեկավար Բուրհան Գալյունը բազմիցս փորձել է միավորել Սիրիայի ազգային խորհուրդի 270 անդամներին, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին անցել: Մարտին կառույցի 20 անդամներ դուրս էին եկել խորհրդից և ստեղծել են նոր կազմակերպություն` «Սիրիայի հայրենասիրական խումբը»:

 

Գալյունին հաճախ քննադատում էին նաև իսլամիստական հայացքներ ունենալու համար, իսկ խորհուրդը ղեկավարում են հիմնականում «Մուսուլման եղբայրները», իսկ Սեյդան ավելի «աշխարհիկ» է: